BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Գրականությունը ազգի բնավորությունն է»

«Գրականությունը ազգի բնավորությունն է»
07.07.2017 | 09:07

Բանաստեղծ, հրապարակախոս ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆԻ «Ծիածանվող հոգիներ» ժողովածուն համալրվել է Համո Սահյանին և Մորիս Փոցխիշվիլուն նվիրված գրքերով («Հայաստան» հրատարակչություն): «Խոսում խոսեցնում է Համո Սահյանը» գրքում ամփոփված են Հ. Հովնաթանի զրույցներն ու ժամանակակիցների հուշապատումները:

«Սահյանը նման չէր ոչ մեկին: Գրականությունը նրա համար սրբություն էր, խոսքը սրբություն էր` Աստծուց տրված շնորհ: Լուռ մարդ էր, քչախոս, իմաստուն: Ասում էր` մարդը պիտի դադարի անել այն, ինչ արել է մինչ օրս և անի այն, ինչի համար կոչել է իրեն տիեզերքը, այսինքն` շարունակի Աստծո գործը»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Հովնաթանը, նշեց, որ Սահյանի հետ շատ է ճամփորդել: Զրույցների մի ժողովածու էլ տպագրել է 1992-ին` բանաստեղծի կենդանության օրոք:


Նման զրույցներին Հ. Հովնաթանը մեծ նշանակություն է տալիս, ասում է, որ դրանք ամբողջացնում, շարունակում են գրողի ասելիքը. «Երբ նստում ես սեղանի առաջ, ազատ չես արտահայտվում: Մանավանդ` բանաստեղծը պիտի իր միտքը չափի մեջ դնի: Զրույցի ռիթմը տարբեր է: Այստեղ ոչ չափ կա, ոչ սահման, խոսում է ամեն ինչի մասին: Հետո՞ ինչ, որ սարի խորքում գանձեր կան, եթե չմտնես, չփնտրես ու դուրս չբերես դրանք...»:
Մորիս Փոցխիշվիլու հետ զրույցները վերնագրված են «Հոգին հոգու հետ»:


Հ. Հովնաթանը նշեց, որ Փոցխիշվիլին հայ ժողովրդի մեծ բարեկամն է: Զգալի ավանդ ունի հայ գրականության լավագույն նմուշները վրացի ընթերցողին ներկայացնելու գործում։ Թարգմանել է Թումանյանի, Վահան Տերյանի, Իսահակյանի, Չարենցի, Սահյանի և այլ բանաստեղծների գործերից։ Արժանացել է Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի:
«Մենք բարեկամություն անել չենք կարող, մինչև որ միմյանց չճանաչենք,- հավելեց զրուցակիցս:- Սերը կարող է միակողմանի լինել, բարեկամությունը` հնարավոր չէ: Վրացին չի կարող հային բարեկամ լինել, հայը` ոչ: Կամ հակառակը»: «Ի՞նչ դեր ունի այս համատեսքտում գրականությունը» հարցին ի պատասխան ասաց, որ դեռ միմյանց մշակույթը, հոգին ճանաչելու խնդիր ունենք, իսկ գրականությունը ազգի բնավարությունն է:
Համո Սահյանին և Մորիս Փոցխիշվիլիին նվիրված գրքերը համալրում են «Ծիածանվող հոգիներ» ժողովածուն, որտեղ տեղ են գտել Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Սարգսյանը, Տիգրան Մանսուրյանը: «Եվ այդ շարքը շարունակվելու է, որովհետև բոլոր մեծերը հոգիներ են, որ երկրից երկիր ծիածան են կապում»,- ասաց Հ. Հովնաթանը: «Ծիածանվող հոգիներում» տեղ են գտնելու նաև Թումանյանին, Տերյանին, Ջիվանուն նվիրված մեկնությունները, որոնցում Հ. Հովնաթանը առանձնացնում է նրանց աստվածաշնչյան շերտը: «Օրինակ «Անդին» ամսագրում տպագրել եմ «Աստծո խոսքի Տերյանը» ուսումնասիրությունը:

Մինչ այդ աստվածաշնչյան մեկնություները պարբերաբար տպագրել եմ գրական մամուլում «Գարունում», «Գրական թերթում», «Նոր դարում»: Գրականությունը, արվեստը, ի վերջո, աստվածճանաչություն է: Եթե դու բնություն ես ներկայացնում, բնությունը Աստծո ձեռքի գործն է, բնության միջոցով կարող ես ճանաչելԱստծուն և Աստծուց սովորել` տեսնելով բնությունը: Օրինակ` ծաղիկը չար մարդուն էլ է բուրում, բարի մարդուն էլ: Դա աստվածային բնություն է: Ծառի պտուղը կարող են քաղել և բարի, և չար մարդիկ...»:
Հարություն Հովնաթանը գրական վաստակի համար արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի և Հովհաննես Թումանյանի անվան մեդալների, Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ